ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մի՜ նախանձիր

Մի՜ նախանձիր
15.08.2024 | 09:50

Երբ ես իմ Հողում, իմ Հայրենիքում էի, ամեն ինչ լուծելի ու հաղթահարելի էր թվում, որովհետև այն հողը, որի վրա ոտքդ ես դնում, հաղորդում է այդ ինքնավստահությունը, ինքնահարգանքը, անպարտելիության զգացողությունը:

Երբեք չեմ ձգտել մեծ շրջաններում ինքնաճանաչման ու ինքնադրսևորման, որովհետև ես քի՜չ բանով երջանկացող մարդ եմ, իսկ այդ քիչ բանը ինձ համար երեխաներն էին, դպրոցը, գործընկերներս, ընտանիքս, գեղեցիկ բնությունը և իմ ստեղծագործելու ազատ ընտրությունը (կարգին շատ բան դարձավ):

Շատ ժամանակ չտեսնելու էի տալիս շրջապատող արատավոր աշխարհը այն սխալ մտածողությամբ, որ ես այդտեղ իմ դերակատարումը չունեմ, ամեն մարդու արածի դատավորը թող Աստված լինի:

Իսկ հետո տեսա ամենազավեշտականը.

արատավորները, ապականողները, գողերն ու անբարոյականները, կաշառակերներն ու աթոռամոլներն ավելի շատ են գնում Աստծո տուն և Աստված կանչում, քան հասարակ շինականը կամ ազնիվ քաղաքացին, ում հացը քրտինքի համն ունի, ով Աստծուն երկրպագում է իր ազնիվ, հալալ աշխատանքով և կերակրում Աստծո անունը տվող այդ մակաբույծներին:

Մարդկային արատներից ամենասարսափելին նախանձությունն է, ինչպես հույն հայտնի փիլիսոփան է ասում՝ նրանց չի հուզում ոչ այնքան իրենց անհաջողությունը, որքան ուրիշների հաջողությունը:

Նախանձությունը բոլոր չարիքների ստնտու մայրն է, որը, լակմուսի թղթի նման ներծծվելով, մարդուն առնում է իր մեջ և ենթարկում ինքնահոշոտման:

Իսկ մինչ իրեն ինքնահոշոտելը՝ գայթակղելով՝ ցանկանում է սև սարդի պես իր ցանցն առնել և իր թույնը թափել զոհին:

Պարզապես նախանձներն ու չարերը մի պարզ հաշվարկ մոռանում են անել, որ իրենց ցանցն ընկած ու մազապուրծ եղած մարդիկ արդեն իրենց նախանձության դեմ պողպատե իմունիտետ ունեն և եթե հիմարի պես նորից պիտի ընկնեն այդպիսիների ցանցը, նրանք ընդամենը ստրկահաճ են ու ստրկահոգի և ամբողջ կյանքը դատապարտված են այդպես ապրելու:

Նախանձների մոտ թույն չէ, սխալվում եք, օձի մեկ գրամ թույնը փոքր չափաբաժիններով կարող է փրկել հազարավոր կյանքեր, նախանձների մոտ դա մաղձ է, որը մարմնի բոլոր արատավոր բջիջներից գալիս հավաքվում է ստամոքսում և վա՜յ նրան, ով նրա զոհը կդառնա, կալիումի ցիանիդի նման կվառի: Նախանձները հաճախակի փոխում են դիմակները՝ մեկ սրտացավ ընկեր են ու իմաստուն խորհրդատու, նրանք նույնիսկ զոհողությունների կգնան՝ ամենաթանկարժեք նվերը տալով, խրվելով քո կյանքի մանրուքների մեջ, կշոշափեն, կգտնեն ցավոտ տեղդ, եղունգները կխրեն և հետագայում քո դեմ կօգտագործեն որպես կոմպրոմատ:

Ես երբեք խորհուդներ չեմ տվել, որովհետև դա անշնորհակալ գործ է, բայց խնդրում եմ ձեզ՝ հեռու՛ մնացեք նախանձներից, իսկ ինչ թեստով որոշես, թե դիմացինդ նախանձ է, թե ոչ, ասեմ՝ տես ուրիշների մասին ի՜նչ և ինչպե՜ս է խոսում, նույնը քո հանդեպ է՝ հասցեները փոխած:

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Հ.Գ.

Մի՜ նախանձիր, սխալ ես ընտրել թիրախդ, մի անգամ վարակվել եմ քո թագավարակով և ամուր իմունիտետ ունեմ:

Իսկ որպեսզի մի քիչ ազատվես թույնից ու հանգստանաս, ասեմ՝ ես նախանձելու բան չունեմ:

14.08.2024

Դիտվել է՝ 4749

Մեկնաբանություններ